  Արամեի մասին վերջին շրջանում խոսակցությունների առիթ դարձավ նրա անձնական կյանքը՝ հատկապես նշանադրությունը Աննայի հետ: Սակայն երգիչը, ինչպես երևում է, փորձում է համատեղել երգարվեստն ու անձնական կյանքն այնպես, որ մեկը մյուսին չխանգարի: Ուստի նա սկսել է նոր տեսահոլովակի աշխատանքները:  Այս անգամ ևս Արամեն նախապատվությունը տվել է ռիթմիկ երգին, որը կոչվում է «Դու, դու, դու» : Իսկ թե ով է երգի հասցեատերը, թերևս, դժվար չէ կռահել:
Երգիչը մեզ հետ զրույցում ասաց, որ հեղինակը Մանե Հակոբյանն է: Եվ մի քանի երգերից նա նախապատվությունը տվել է հենց այս մեկին, քանի որ... -Երգը ոչ թե հումորային է, այլ ուղղակի թեթև թեմայով է: Ես այս հոլովակում հանդես եմ գալիս մոդելիերի դերում, ով ներկայացնում է հարսի զգեստներ: Իսկ հենց հարսի զգեստի ընտրությունը կախված էր նրանից, որ հեռուստադիտողը չսկսի քննարկել շորերը: Հարսի շորը ինքնին գեղեցիկ է: Նկարահանումներին հրավիրել եմ նաև իմ ընկերներին՝ Մարտին Մկրտչյանին, Հռիփսիմե Հակոբյանին, Արամ Նիկոլյանին, Ավետ Բարսեղյանին, Արսեն Գրիգորյանին և Ռիչարդ Մադլենյանին, ովքեր հանդես են գալիս որպես հանդիսատես: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն է:
 
Երգիչը խոստովանեց նաև, որ վերջերս օգտվում է տարբեր հեղինակների գրած երգերից, քանի որ չի ստացվում երգ գրել. -Արդեն բավական ժամանակ է, ինչ երգ չեմ գրել: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, ուղղակի չի ստացվում /ծիծաղում է,-հեղ/: Ես էլ չեմ ընկնում երգ գրելու ետևից, քանի որ ես երգիչ եմ, ոչ թե երգահան:
Իսկ մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում միայն ռիթմիկ երգերի կատարումը, Արամեն ասաց, որ դրա պատճառը միայն լավ տրամադրությունն է ու հոգեվիճակը, չնայած` այժմ կրկին մտածում է ավելի դանդաղ և մեղեդային երգ իր երկրպագուների դատին հանձնելու մասին. -Պարտասիր չէ, որ դանդաղ, լիրիկ երգը լինի տխուր թեմայով, բաժանման, կամ մերժված սիրո մասին: Կարելի է կատարել դրական թեմայով, գեղեցիկ ու նուրբ մեղեդային երգ:
Ի դեպ, առաջիկայում Արամեն շրջագայությունների է պատրաստվում, թեև Երևանի հետ կապված ծրագրեր ևս ունի. -Չեմ ուզում բացել փակագծերը, քանի որ գուցե ժամանակի առումով չհասցնեմ, իսկ ես չեմ ուզում սուտասան դուրս գալ: 
Նկարահանումներին նաև ներկա էր Արամեի նշանածը՝ Աննան, ով ևս կրում էր ճերմակ երկար զգեստ: Սակայն թե որն է լինելու Աննայի դերը տեսահոլովակում, պարզ կլինի միայն դրա` եթեր գնալուց հետո, քանի որ զույգը ամեն կերպ փորձում էր դա թաքցնել:
Ֆոտոլրագորող Գագիկ Շամշյանը լուսանկարել է նկարահանման ողջ ընթացքը, որի արդյունքում նա «բռնացրել է» Ավետ Բարսեղյանին, երբ վերջինիս աչքը կպել էր նկարահանումների ընթացքում:  
|