Արամեն գործ չի ունեցել… Օրերս Արամեն նշեց իր ծննդյան տարեդարձը: Երգիչը «ժլատ» չգտնվեց և այդ օրը ոչ միայն նվերների սպասեց, այլև ինքը նվերներ մատուցեց :): Արամեն հանդիպեց երկրպագուներին, ավելի ուշ` կոլեգաներին ու հարազատներին և ներկայացրեց իր նոր` «Իմ միակ սիրելի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլավակն ու համանուն ձայնասկավառակը: Տոնը եռատոն դարձնելը Արամեի թիմակիցների անակնկալ-գաղափարն է եղել. «Ինձ ասացին դու գործ չունես, մենք ամեն ինչ կանենք»,- ասաց Արամեն: Երգչին շնորհավորելու էին եկել Արմեն Ամիրյանը, Էմմին, Սոֆի Մխեյանը, Արման Հովհաննիսյանը, Արմինկան, Ռազմիկ Ամյանը, Սասունցի Դավիթը, Նազենի Հովհաննիսյանը և Արամեի մյուս ընկերներն ու հարազատները: Տեսահոլովակը դիտելուց հետո հյուրասիրության սեղանի շուրջ նրանք կիսվեցին իրենց տպավորություններով. «Հրանտի ձեռագիրը հեռվից հեռու երևում էր»,- այսպես բնութագրեց տեսահոլովակը Արման Հովհաննիսյանը: «Բոլոր մեծ գրողները գրել են այս մասին, ես ոչինչ չեմ հնարել, քանի որ յուրաքանչյուրի հետ կարող էր նման պատմություն լինել»,- ասաց ռեժիսորը` Հրանտ Մովսիսյանը:
Տեսահոլովակի վերջնական տարբերակն Արամեին հիացրել էր. «Ի սկզբանե սպասում էի, որ շատ լավ տեսահոլովակ եմ ունենալու, սակայն այն ոչ թե շատ լավ ստացվեց, այլ հրաշալի: Ամեն արտիստի չի հաջողվում ունենալ մնայուն գործեր, ես շատ ուրախ եմ, որ ունեմ այդպիսին»,- իր ուրախությամբ կիսվեց երգիչը: Երգի երաժշտության հեղինակը Կարինե Խարատյանն է, խոսքերը գրել է Մերուժան Տեր-Գուլանյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Հրանտ Մովսիսյանը: «Իմ միակ սիրելին» ներկայացնում է հավերժ սիրո պատմություն. «Ռեժիսորը շատ լավ կարողացել է գաղափարը կենտրոնացնել Արամեի կերպարի մեջ և ստեղծել հավաքական կերպար, կարծում եմ դա արդեն հաջողության գրավական է»,- ասաց Արմեն Ամիրյանը:
Հրանտ Մովսիսյանին հաջողվեց դիպել մարդկանց սրտերն :) Հրանտ Մովսիսյանը MaxInfo.am-ին ասաց, որ աշխատանքը հաջողված կհամարի, եթե այն դիպի մարդկանց սրտերին. «Եթե մարդիկ ունեն զգայարաններ, եթե գիտեն սիրահարվել, կարծում եմ կտպավորվեն, քանի որ տեսահոլովակը մաքրության, սիրո մասին է»: Ինչպես ցույց տվեց մեր զրույցը ներկաների հետ, Հրանտ Մովսիսյանն արդեն կարող է ասել, որ իրեն հաջողվել է դիպել մարդկանց սրտերին :): Ռազմիկ Ամյանին տեսահոլովակը շատ էր տպավորել. «Շատ գեղեցիկ սիրո պատմություն էր ներկայացված: Բրավո», իսկ Սոֆի Մխեյանին «Իմ միակ սիրելին» հուզել էր. «Նման տեսահոլովակներից հետո չես ուզում խոսել, կարծում եմ լավագույն գնահատականն այն է, երբ խոսքերն ավելորդ են դառնում»,- ասաց Սոֆին: Արմեն Ամիրյանը վստահ է, որ տեսահոլովակը կարժանանա տարբեր տարիքային խմբերի մարդկանց հավանությանը:
Նոր հանդիպում Արամեի հետ :) «Իմ միակ սիրելի» ձայնասկավառակի թողարկման համար Արամեն աշխատել է շուրջ կես տարի: CD-ում ընդգրկված է 14 երգ: Այս և այլ երգեր Արամեի երկրպագուները կարող են ունկնդրել առաջիկա հանդիպման ժամանակ. Նոյեմբերի 8-ին կկայանա երգչի մենահամերգը:
|