Կայացավ Արամեի «Արմենիա» երգի փակ շնորհանդեսը
Երեկ Արամեն իր անունը կրող կարաոկե-ակումբում էր հավաքել մի խումբ երգասերների:
Երգիչն իր կարաոկե-ակումբում իրականացրեց նոր, ռուսալեզու «Արմենիա»
երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Բացի շնորհանդեսից, Արամեն ձեռնարկել էր
երաժշտական մի մրցույթ, որով ժյուրիի մասնակցությամբ ընտրվելու էին
լավագույն մասնակիցները:
Արամեի տեսահոլովակը դիտելու, ինչպես նաև նրա կազմակերպած երգի մրցույթի
ժյուրիի կազմում լինելու համար ներկա էին նաև երգիչ Ռազմիկ Ամյանը
որդիների՝ Լեոյի և Ալեքսի հետ, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը, ով նաև երգչի
նոր տեսահոլովակի ռեժիսորն է:
«Արմենիա» երգի տեսահոլովակում նկարահանվել են տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ:
«Այս տեսահոլովակի գաղափարը հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ապրող
հայ երիտասարդներից ոմանց ներկայացնելն էր: Երկար ժամանակ պահանջվեց այն
պատրաստելու համար. ապրիլից սկսեցինք աշխատանքները և նոր-նոր ավարտեցինք:
Դրա պատճառը զուտ նկարահանման աշխատանքները չէին, այլ իսկապես հայ մնացած
երիտասարդներ գտնելը. շատ մանրակրկիտ ենք փնտրել: Ընտրված երիտասարդներից
ամեն մեկն իր հատվածն իմպրովիզ արել, ուղարկել է, վերջում ամբողջն ի մի է
բերվել, ինչի շնորհիվ էլ ասում եմ, որ տեսահոլովակի ռեժիսորը նրանք են ու
ես,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Սյոման ու հավելեց,- Արամեի
մասնակցությունն էլ տեսահոլովակում մեծ չէ, նա էլ նույնքան հատված ունի,
որքան մյուս երիտասարդները. ցանկացել ենք ցույց տալ, որ ինքն էլ է նրանցից
մեկը»:
«Արմենիա» երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակը՝ Դավիթ Օհանը:
Հեռուստադիտողին տեսահոլովակը հասանելի կլինի հուլիսի 19-ից:
Ինչպես նշեցինք, «Արամե» կարաոկե-ակումբում անցկացվում էր նաև Արամեի կողմից կազմակերպված երգի մրցույթի հերթական փուլը: «Արդեն երկրորդ անգամն է, ինչ նման մրցույթ ենք կազմակերպում. մասնակիցները
պատրաստում են երգեր, կենդանի կատարում դրանք, ժյուրին ընտրում է նրանցից
լավագույնին, ու արդեն տարեվերջին բոլոր փուլերի հաղթողներն էլ իրար հետ
կմրցեն ու պարզ կլինի հաղթողի անունը,- մեզ հետ զրույցում ասաց Արամեն և
նշեց,- ամեն անգամ ժյուրիի կազմում տարբեր մարդիկ են լինում, միայն ես եմ
ամփոփոխ մնում. անցյալ անգամ ես էի, երգիչ Արսեն Սաֆարյանը,
վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանն ու ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ
Հակոբյանը»:
|