Այս օրերին Արամեն պատրաստվում է «Մամա» երգի հիման վրա իր նոր
տեսահոլովակի նկարահանմանը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է:
Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը` Արթուր
Սաֆարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:
 Ռեժիսորը esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսահոլովակը, որպես այդպիսին,
սյուժետային գիծ չունի. «Սակայն այնպես էլ չէ, որ սյուժե չկա:
Տեսահոլովակում տարբեր տարիքային խմբի մայրեր են լինելու, որպեսզի
յուրաքանչյուր ոք ինչ-որ չափով կարողանա իր մորը տեսնել այստեղ:
Սյուժետային գիծ չկա այնքանով, որ նույն մոր կյանքը չի ներկայացվում. սա մի
պատմություն չէ: Վերցված են կյանքի այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են
էմոցիա առաջացնել. մենք հաճախ չենք նկատում մոր ռեակցիաները` ժպիտ,
ուրախություն, թախիծ: Այս դեպքում շեշտը միմիկաների վրա է դրված»: Սյոման
ասաց, որ չորս տարի առաջ` մինչ ստեղծագործական դադար առնելը, վերջին
տեսահոլովակը, որ նկարահանել էր մայրերի թեմայով էր` «Արևիկ» խմբի
«Մայրիկիս» երգի հիման վրա. «Չգիտեմ ճակատագիր է, թե Աստծո կամքը, բայց
վերադարձիցս հետո առաջին տեսահոլովակը կրկին այդ թեմայով եմ նկարահանում:
Կարծում եմ` ձեռագիրը կզգացվի: Ներկայացված չէ սյուժե, որում մայրը տանջված
ու տառապած է, մայրեր են, որոնց դեմքին միշտ ժպիտ և ուրախություն է»:
 Սյոման նշեց, որ սերիալի սաունդթրեքի համար առաջին անգամ է տեսահոլովակ
նկարահանում և այն կապ չի ունենալու հեռուստասերիալի հետ: Ֆիլմի հետ կապ
չունեցող տեսահոլովակ նկարահանելը որպես ռեժիսոր իր ցանկությունը չի եղել.
«Դա «Արմենիայի» և Արամեի ընդհանուր որոշումն է եղել: Տեսահոլովակը
նկարահանելու առաջարկն ինձ եղել է «Արմենիա» հեռուստաընկերությունից և
առաջարկի մեջ եղել է նկարահանել այնպիսի տեսահոլովակ, որը կապ չի ունենա
ֆիլմի հետ: Կարծում եմ` սերիալի տեսահոլովակ նկարահանելիս որոշակի
սահմանափակումներ դրվում են, սակայն «Մամայի» տեսահոլովակը ոչ մի կապ չի
ունենալու ֆիլմի հետ: Առանձին տեսահոլովակ է լինելու, կերպարները չեն
հիշեցնելու ֆիլմը»,- ասաց Սյոման և նշեց, որ դերասաններն էլ ֆիլմի
հերոսները չեն լինելու: Դերասանների ընտրության համար քասթինգ է անցկացվել և
նոր դեմքեր են ընտրվել, որով զբաղվել է տեսահոլովակի երկրորդ ռեժիսորը`
Ինգրիդը (հաղոդավարուհի Աննա Կոկչյանը, ով այժմ ներկայանում է որպես Ինգրիդ
Կոկչյան):

Սյոման չցանկացավ բացել տեսահոլովակի ամբողջական սյուժեն, որպեսզի պահի
հետաքրքրությունը. «Խուսափում եմ նախապես խոսելուց, քանի որ
նկարահանումներից հետո ասելիքն ավելի հստակ է լինում: Ես պատկերացնում եմ,
սակայն դժվարանում եմ նախապես խոսել»:
Տեսահոլովակի նկարահանումները նշանակված են հունիսի 2–ին: Նախատեսվում է տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել հունիսի 10-12-ին:
Արամեի մենջերից` Արտյոմ Հակոբյանից տեղեկացանք, որ առաջիկայում Արամեն
կներկայացնի նաև «Արմենիա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը
պատրաստ կլինի մինչև հունիսի վերջ: Այս երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ
Մադլենյանն է: Արտյոմի փոխանցմամբ` Արամեն հանդիսանում է երաժշտության
համահեղինակը: Խոսքերի հեղինակը` Դավիթ Օհանն է:
 Հունիսի 7-ին լույս է տեսնելու երգերի հավաքածու, որում ներկայացված
կլինեն Արամեի «Մամա» և «Արմենիա» երգերը: Վերջինի պրեմիերան հենց այդ
ժամանակ էլ կկայանա, քանի որ երգը միայն դրանից հետո կհայտնվի համացանցում:
Աշնանը երգիչը ևս մեկ նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի, բացի այդ,
Արամեն հանդիսատեսին կհանձնի իր հայալեզու նոր ձայնասկավառակը, որից հետո
կներկայացվի նաև երգչի ռուսալեզու ձայնասկավառակը:
|