Քաղաքում մարտի 8-ին կայանալիք համերգների ցուցապաստառների նկարներից մի քանիսը պակասում են: Իսկ երգիչ Արամեի նկարները բացակայում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում տեղադրված գրեթե բոլոր ցուցապաստառներից: Մոտակա սրճարանների գիշերային պահակներից մեկը «Ա1+»-ին պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել Արամեի նկարների առեւանգումը. «Մոտավորապես Ժամը 23:30-ն էր, երբ ցուցապաստառների կողմից ձայներ լսեցի: Որոշեցի ստուգել, թե ինչ է կատարվում: Ցուցապաստառներին չհասած տեսա, թե ինչպես են մոտ 16 տարեկան երկու աղջիկներ դանակով պաստառից մի նկար կտրում: Բղավեցի վրաները եւ մոտ վազեցի, սակայն հասցրեցին նկարը փախցնել: Երկու օր անց այդ նույն աղջիկները մյուս պաստառից էլ այդ նույն երգչի նկարը պոկեցին»: Այդ աղջիկներին հավանաբար 2 նկարը բավական չի եղել, քանի որ Արամեի նկարը բացակայում է նաեւ Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղադրված ցուցապաստառից: Բացի Արամեի նկարից ցուցապաստառներից բացակայում են նաեւ երգչուհիներ Արմինկայի եւ Սիլվա Հակոբյանի նկարները, իսկ Անդրեի նկարները պատառոտված ու կեղտոտված են:
|