Արամեն իր 30-ամյակի օրը` հոկտեմբերի 10-ին, նախատեսում է բացել իր անունը կրող կարաոկե-ակումբ: BRAVO.am-ին այս մասին հայտնել է երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը՝ նշելով, որ Արամեն Երեւանում բիզնեսով զբաղվելու ցանկություն վաղուց ունի: Նրա փոխանցմամբ` այժմ ընթանում են կարաոկե-ակումբի վերանորոգման աշխատանքները. "Չհասցնելու մտավախություն կա, բայց ամեն ինչ արվում է, որ նախատեսվածի համաձայն մեծ բացում լինի: Մեր ազգը սիրում է երգել, կարծում եմ` իր անունը կրող կարաոկեն ավելի մեծ հաջողություն կունենա, առավել եւս, որ համերգային ծրագրերով դրսից հրավիրված երգիչներ են լինելու: Այն գործելու է որպես պարային ու համերգային ակումբ”:
Արամեն ամռան ընթացքում երկարատեւ հանգիստ չի ունեցել, քանի որ զբաղվել է իր նոր բիզնեսի հարցերով, նաեւ ձայնագրվել է նոր երգեր, որոնք աշնան ընթացքում կներկայացնի երկրպագուներին: Բացի վերոնշյալները, սեպտեմբերի 21-ին ու 22-ին նա երգելու է Բեյրութում, նոյեմբերի սկզբին էլ մի քանի երգչի հետ համերգներ է տալու Ռուսաստանի Դաշնության 10-ից ավելի քաղաքում: Արտյոմ Հակոբյանը տեղեկացրել է, որ Արամեն առաջիկայում չի պատրաստվում նշանադրվել. "Ինչպես եւ խոստացել է, նա իր ուրախությունը գաղտնի չի պահելու ու կիսվելու է երկրպագուների հետ”:
|