Կպատկերացնե՞ք Արամեին թանկարժեք մեքենա գողանալուց: Իսկ նա դա արել է, արել է, որ ստանան հետաքրքիր ու ինքնատիպ մի տեսահոլովակ:
Օրերս Արամեն նոր տեսահոլովակ է նկարահանել` իր բոլորովին նոր, դեռևս չլսված երգի հիման վրա: "Ուր գնամ”` այսպես է կոչվում երգչի նոր երգը, որը ոճային առումով ևս նորություն է Արամեի երգացանկում: Այն ակումբային, ռիթմիկ երգ է` հաուզ ոճի մեջ: Երգչի մենեջեր, ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս երգի ծնունդը չի նշանակում, թե Արամեն կտրուկ ոճային փոփողության է գնացել ու շարունակելու է երգել այս ոճում: "Ուղղակի սա երիտասարդական, պարային երգ է, գարնանային թարմություն Արամեի երգացանկում”,-ասաց Արտյոմ Հակոբյանը: Երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Գործիքավորումը կատարվել է Դեր-Հովայի կողմից: Տեսահոլովակը նկարահանել է Արտյոմ Հակոբյանը: Այն հագեցած է հետաքրքիր սյուժեով, պարունակում է նաև հումորային էլեմենտներ: Արամեն այնտեղ երգիչ չէ, այլ մի երիտասարդ, որ հաճույք է ստանում թանկարժեք մեքենաներ առևանգելուց: Ու նրա այս հոբբին իրեն մեկ անգամ փորձանքի է բերում: Նրա գողացված ավտոմեքենայի բեռնախցիկում ձեռք ու ոտքը կապած, առևանգված աղջիկ է լինում: Այսպես սիրված երգիչն ընկնում է հետաքրքիր արկածների մեջ: Տեսահոլովակում նկարահանվել են նաև երգի ստեղծման հետ կապ ունեցող մարդիկ` Ռիչարդ Մադլենյանը, Դեր-Հովան և այլոք: Ի դեպ, ակումբային տեսարաններում նկարահանմանը մասնակցելու համար Facebook սոցիալական ցանցի միջոցով հրավիրվել են Արամեի ֆաները, թվով 30-40 մարդ, որոնք շատ են հավանել երգը ու դրական են գնահատել սիրելի երգչի ոճային փոփոխությունը: Տեսահոլովակը հիմա գտնվում է մոնտաժային փուլում: Ապրիլի սկզբին արդեն բոլորս հնարավորություն կունենանք դիտելու ու գնահատելու այն:
|