Արամեն չի մեկնաբանում Ամիրյանների հետ համագործակցության դադարեցումը. այս մասին երեկ հաղորդել է BRAVO.am-ը` հղում կատարելով Արտյոմ Հակոբյանին, որն այլեւս երգչի համերգային տնօրենն է: Արամեի եւ արդեն իր նախկին պրոդյուսեր Արմեն Ամիրյանի միջեւ տեղի ունեցած հնարավոր կոնֆլիկտի, առհասարակ համագործակցությունը դադարեցնելու հանգամանքներին ծանոթանալու նպատակով BRAVO.am-ը այսօր զրուցել է երգչի նախկին մենեջերի` Արտավազդ Ամիրյանի հետ:
"Համագործակցության դադարեցումը եղել է Արամեի կողմից, ինչը, կարծում եմ, արտիստին բնորոշ երեւույթ է: Նորմալ է դիտվում, երբ արտիստն ուզում է ինքնուրույն քայլեր անել բնագավառում: Եթե մեզ մնար, բնականաբար, նորից մեծ սիրով կշարունակեինք համագործակցել, հրաժարվելն իր ցանկությունն էր”,- նշել է Արտավազդ Ամիրյանը:
Երգչի նախկին մենեջերն ասել է նաեւ, որ համագործակցությունը դադարեցնելու կոնկրետ ոչ մի պատճառ չկա. "Ուղղակի պայմանագիրն է սպառվել, որը կնքվել էր մեր միասին աշխատելու առաջին օրվանից, երբ նկարահանվեց առաջին տեսահոլովակը` "Արցունքիս մեջ”-ը: Այն Երկու տարին մեկ թարմացվում էր, հերթական երկու տարին լրացավ, ու էլ շարունակություն չեղավ”: BRAVO.am-ի հարցին` արդյո՞ք համագործակցության խզումը կապ ունի նախորդ տարվա մենահամերգի ձախողման հետ, Արտավազդ Ամիրյանը պատասխանել է. "Այդ համերգի հարցերով մենք այսօր էլ զբաղվում ենք: Իսկ այլեւս միասին չաշխատելու որոշումը կայացվել էր մինչեւ մենահամերգը: Ըստ պայմանագրի` պարզ էր, որ համագործակցության ավարտը կլինի դեկտեմբերի 31-ին: Արամեն արդեն որոշել էր, որ մենք չպետք է աշխատենք իրար հետ”:
Մեր հաջորդ` Ամիրյանների եւ Արամեի համագործակցությունն այլեւս բացառվո՞ւմ է հարցին Արտավազդը հետեւյալ պատասխանն է տվել. "Դա այս պարագայում կախված է իրենից եւ իր նոր թիմից, որի հետ աշխատում է: Մենք միշտ պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ աշխատել, դա կլինի Արամեն, Ռազմիկ Ամյանը, թե Սոֆի Մխեյանը, մեզ համար նշանակություն չունի, կարեւորը լավ գործ անելն է: Իսկ մենք, կարծում եմ, այս տարիների ընթացքում Արամեի համար ու իր հետ լավ գործեր արել ենք, որը հանձնել ենք հեռուստադիտողին ու իր երկրպագուներին: Առայժմ համագործակցության ոչ մի եզրեր չունենք”: Ինչպես հայտնի է` Արամեի եւ Ամիրյանների միջեւ բարեկամական կապ կա, Արտավազդի փոխանցմամբ էլ "գործնականից դուրս իրենց հարաբերությունները նորմալ են”. "Նման բաները չեն կարող անդրադառնալ մեր հարաբերությունների վրա: Այնպես որ, ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Մենք պարզաբանումներ տալիս ենք, ով չի ուզում, թող չտա”:
|