Արամեն նոր տեսահոլովակի նկարահանման համար արկածային իրավիճակների մեջ է ընկել, որի վերջնարդյունքը կդիտեք օրեր անց, իսկ հիմա առաջարկում ենք դիտել նկարահանման ընթացքը ներկայացնող մի քանի կադր: "Ո՞ւր գնամ” երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, գործիքավորումն արել է ԴերՀովան: Տեսահոլովակի ռեժիսորը երգչի համերգային տնօրենն է` Արտյոմ Հակոբյանը, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը:
"Եթե համեմատենք իմ ռեպերտուարի երգերի հետ, չեմ կարող ոճային առումով այս երգի նման ռիթմիկ երգ գտնել: Ինձ համար նորություն է, նույնիսկ զարմանալի է, որ ինձ հարմարավետ եմ զգում այն կատարելիս”, - BRAVO.am-ին ասել է Արամեն:
Տեսահոլովակի սցենարը, ինչպես նշել է երգիչը, մշակել են ինքն ու ռեժիսորը. "Իմաստն այն է, որ մի տղա, որի սիրելի հոբբին մեքենաներ գողանալն է, որոնցով էլ շրջում է քաղաքով, ձգտում է շքեղության, չունի դրա հնարավորությունը: Հերթական ավտոմեքենան գողանալիս նա ընկնում է տարբեր պատմությունների մեջ:): Կարծում եմ` իմ աշխույժ տեսահոլովակների շարքում յուրահատուկներից մեկը կդառնա”: Երգչի փոխանցմամբ` տեսահոլովակը կունենա ակտիվ ու երիտասարդական սյուժե. "Շաբաթների ընթացքում սցենարի տարբերակներ ենք մտածել, որոնք հնարավոր է օգտագործենք իմ հաջորդ տեսահոլովակների համար: Ընտրեցինք ամենապոզիտիվ սյուժեն: Աշխույժ ու դրայվոտ, մի քիչ երիտասարդական տեսահոլովակ կստացվի”:
Նկարահանումները տեւել են երկու օր` ակումբում, ավտոտնակում, կահույքի սրահի տարածքում, առանձնատանը եւ այլուր. "Առանց հանգստանալու ենք աշխատել, նույնիսկ գիշերը, մի քիչ հոգնել ենք, բայց գիտակցում ենք, որ վերջին ուժերն էլ պետք է հավաքենք, որ արդյունքը լավ լինի”: Արամեի ընկերուհին` Աննան, եւս ներկա էր նկարահանումներին: Աղջիկը նշել է, որ շատ է հավանում իր սիրելիի նոր երգը. "Ես կադրում չեմ լինելու, միգուցե հաջորդ տեսահոլովակում նկարվեմ, որը մեր սիրո մասին կլինի, դեռ պարզ չէ”:
"Ո՞ւր գնամ” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է ապրիլի սկզբին:
|