Հ1-յան «TOP 10»-ի մի նվաճում - 16 Դեկտեմբերի 2011 - ArameHay.do.am
ՈՒրբաթ, 09.12.2016, 02:57
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Դեկտեմբէր 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբէր » 16 » Հ1-յան «TOP 10»-ի մի նվաճում
08:44
Հ1-յան «TOP 10»-ի մի նվաճում

Տարիներ առաջ եթե հայ երգարվեստին սպառնում էին միջակության մարտահրավերները, եւ մենք կարիք ունեինք հայ երգը պաշտպանել գլխավորապես սակավաշնորհ բանաստեղծներից, եթե ահազանգ էինք հնչեցնում հայ երգը ավետբարսեղյանական ու անիտահախվերդյանական կարգի միջակություններից հեռու պահելու համար, ապա այսօր հայ երգն արդեն կարիք ունի պաշտպանության կատարյալ ապաշնորհությունից, որը գլուխ է բարձրացնում հենց այն պատճառով, որ սակավաշնորհ ու միջակության մակարդակը մի կերպ հաղթահարող մեր նորօրյա «պոետները», փաստորեն, անկասելի առաջադիմում ու հաջողում են հայկական շոու-բիզնես կոչվող անտերունչ տիրույթում:

Հենց այդ անտիրությունն է պատճառը, որ հայկական շոու-բիզնեսի «աստղերից» Արամեն այսօր արդեն ոչ միայն աղավաղում է Սայաթ-Նովային (ՀՀ վաստակավոր Հայկոյի հետ), ոչ միայն իբրեւ երգ հնչեցնում է բազում ցածրաճաշակ ու անմիտ տեքստեր, այլեւ փորձում է գոյության իրավունք նվաճել իր իսկ պոետական թոթովանքների համար: Եվ ծնվում է այնպիսի անհեթեթություն, որպիսին «Գեղեցկուհուն» երգն է՝ «խոսք եւ երաժշտություն Արամեի» (ի դեպ, այս երգի մասին գուցե չիմանայինք, եթե այն քանիցս չհնչեր ամանորյա եթերում՝ որպես Հ1-յան «Top 10»-ի 2010 թվականի լավագույն երգերից մեկը): Այս մասին գրում է «Հրապարակը»:
Անհայտ է՝ հայ եւ համաշխարհային պոեզիայում կգտնվի՞ մեկ այլ սիրային երգ, որտեղ հեղինակը, ինչպես այս երգում, ուղղակի հանդիմանի հերոսուհուն, թե՝ «Այդքան սիրուն չի կարելի, ա՛յ աղջիկ, լինել», բայց հայ «պոետ» Արամեին դա հաջողվել է: Նա ստեղծել է գեղեցկուհու մի կերպար, որը, պարզվում է, խիստ վտանգավոր է շրջապատի համար, ուստի երգի հեղինակին այլ բան չի մնում, քան հասարակությանը պաշտպանել վտանգավոր օրիորդից: Հենց այդ նպատակով էլ երգիչը անձնազոհաբար վճռում է նրան մեկուսացնել՝ իր տուն տանել, որ վերջինս սիրի միայն իրեն, քանզի… «ուրիշ ճար չունի»:
Սակայն վերադառնանք քննարկվող տողին, քանի որ այն շատ կարեւոր է Արամեի պոետական կարողությունները ներկայացնելու առումով: Մինչ այդ նշենք, որ ուզածդ երգի բառեր այս երգչի հնչեցմամբ երբեմն խիստ դժվարընկալելի են դառնում, այդ պատճառով էլ այս երգի վերոբերյալ տողի «այ աղջիկ»-ը հանգիստ կարող է նաեւ «հայ աղջիկ» լինել: Թեեւ երկու դեպքում էլ խնդիր ունենք, քանզի եթե բնագրային ենք համարում «այ աղջիկ»-ը, դուրս է գալիս, որ երգի հեղինակը «այ ախչի» ասելու փոխարեն (ինչն ավելի կսազեր իր երիտասարդ տարիքին ու հայ տղամարդու բառապաշարին)՝ ասում է «այ աղջիկ». նահապետակա՜ն դիմելաձեւ:
Իսկ եթե բնագրային համարենք «հայ աղջիկ»-ը, այս դեպքում խնդիր է ծագում ազգային արժանապատվության առումով. ո՞վ է ասել, որ «հայ աղջկան» չի կարելի «այդքան սիրուն լինել»: Անցնենք առաջ: Մեր նորընծա պոետն իր երախայրիքում բնականաբար մտածել է հանգի մասին նույնպես: Ճիշտ է, նա առայժմ չի կարող առանձին գյուտերով պարծենալ, բայց որոշ ձեռքբերումներ, գոնե իր պատկերացմամբ, ունի:
Օրինակ այս մեկը. «Թե ասում են՝ կա գեղեցիկ աշխարհում,// Անկախ ինձնից քո մասին եմ մտածում»: Հանգերը, ինչ խոսք, նույնիսկ Ա. Հախվերդյանը կամաչեր գործածել, բայց փոխարենն ի՜նչ յուրօրինակ մտածողություն ունի մեր հեղինակը: Այդ յուրօրինակությունն ակնհայտ է նաեւ երգի այն տողերում, որտեղ հերոսը պատկերում է իր սիրային դեգերումները. «Ինչքան սարեր ու ձորեր եմ ես ընկել,// Քո վարդագույն շուրթերից չեմ հանդիպել»: Անկրկնելի, տաղանդավո՜ր փոխաբերություն՝ «վարդագույն շուրթերից հանդիպել»:
Բայց եթե ընթերցողը կարծում է, թե երգի հերոսը սար ու ձորում հենց այնպես՝ աննպատակ թափառողներից է, ապա սխալվում է. նա այլեւս իր նախորդ երգերի գեղջուկ հերոսը չէ, որի աչքը ձմեռ օրով հանկարծ ընկել է «դեմի սարի դոշին» եւ հիշեցրել իր «խենթ Անուշին». ո՛չ. այս նոր երգի հերոսը սար ու ձորում բոլոր հանդիպած «ծաղիկներից բույր առած» (հասկացաք, չէ՞, նրբին այլաբանությունը) տղա է. ավելին՝ նա մանկուց է աչքադրած եղել աղջկան, ուստի հիմա հիանում է. «Դու արդեն մեծացել ես, ա՛յ աղջիկ,// Մազերդ երկարացրել ես, հա՛յ աղջիկ»:
Իհարկե, ռոմանտիկ պատմություն է՝ չհաշված այն, թե մեր նորատի գեղեցկուհի՞ն ինչ զգացմունքներ ունի «բուրավետ» տղայի հանդեպ, բացի այն, որ սիրելուց զատ «ուրիշ ճար չունի»: Մնում է մի բան էլ՝ պարզաբանված տեսնել ոտանավորի «Ինչքան ծաղիկ տեսել եմ, բույր եմ առել» տողին հաջորդող տողը, որտեղ, Արամեի երգին խիստ բնութագրական՝ անընկալելի մի բառ կա. «Բայց քո բույրը ուրիշ (՞) եմ արել»:
Իսկապես, շատ հետաքրքիր կլինի վերականգնված տեսնել չհասկացվող բառը, որը, ով գիտե, գուցե այնքան էական է, որ կարող է ի չիք դարձնել անհեթեթ այս հորինվածքի անմտությունը եւ մեզ ստիպել փոշմանել վերն արդեն գրված բոլոր խոսքերի համար:
Դիտումներ: 77 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title